Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

7-10 ամսական երեխաների սնուցումը

Յոթ ամսականից սկսած երեխային տրվում է մսի արգանակով պատրաստած ապուր (20-30 մլ), տավարի մսից պատրաստված խյուս (միսը տրորած վիճակում), սկսում են 5-10 գ-ից և հասցնում մինչև 50 գ` 8 ամսականում և մինչև 10 գ՝ մեկ տարեկանում։

 

Հետագայում մսային խյուսը կարելի է փոխարինել շոգեխաշ կոտլետներով։ Շաբաթը 1-2 անգամ միսը կարելի է փոխարինել ձկով։ Տրվում է նաև հորթի, հավի միս:


Բացի մսից և ձկից, երեխային կարելի է տալ նաև մսի կամ ձկան հատուկ պահածոյացված, ինչպես նաև տարբեր աստիճանի մանրացված ենթամթերքի (լյարդ, ուղեղ, լեզու) խյուսեր։ Ենթամթերքը հարուստ է երկաթով, A, D, B խմբի վիտամիններով, միկրոտարրերով։


էքսուդատիվ դիաթեզի երևույթներ ունեցող երեխաներին մսային ուտելիքներ տալու կարգը կարող է այլ լինել։ Սկզբում զգուշությամբ կերակրում են մսով (ձուկ ընդհանրապես չի կարելի տալ, որովհետև կայուն ալերգեն է), արգանակը փոխարինվում է նույն քանակի բանջարեղենի ապուրով (մինչև 30 մլ)։


7,5-8 ամսականից երեխային նշանակում են երրորդ հավելյալ սնունդը՝ կեֆիրի կամ ացիդոֆիլային կաթի ձևով, կաթնաշոռի հետ միասին։ Կաթնաթթվային մթերքի բացակայության դեպքում կարելի է տալ կովի մաքուր կաթ։


Սովորաբար առողջ երեխային 10-11 ամսականում կտրում են կրծքից, սակայն ամառային ամիսներին կրծքով կերակրելը ցանկալի է շարունակել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։


Հավելյալ սնունդ նշանակելիս անհրաժեշտ է խիստ հետևել տրվող սննդի որակին և անհրաժեշտության դեպքում կատարել կարգավորում։ Այդ նպատակով նոր հավելյալ սնունդ ստանալուց 4-5 օր անց, ինչպես նաև ըստ ցուցումների (մարմնի զանգվածի անբավարար կամ ավելորդ աճը) կատարվում են օրաբաժնի սննդային բաղադրամասերի հաշվարկներ։


Ութ ամսականից մեծ երեխաներին հավելյալ սննդի քանակության, հատկապես բարձրարժեք սպիտակուցներով հարուստ մթերքի (կաթնաշոռ, միս) ավելացման դեպքում կարելի է օգտվել օրվա միասնական ճաշացուցակից։


Ինն ամսականից հետո տարիքային չափանիշներին համապատասխան ֆիզիկապես լավ զարգացած երեխաների համար սննդային հաշվարկներ կարելի է չկատարել, որովհետև նրանք լավ ախորժակի դեպքում ստանում են բոլոր հիմնական սննդանյութերի անհրաժեշտ քանակությունը։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ